Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կայացած բանկային համակարգ. երևո՞ւյթ, թե՞ երևութականություն

Կայացած բանկային համակարգ. երևո՞ւյթ, թե՞ երևութականություն
28.02.2017 | 12:10

Դեպի գլոբալացում մղվող ժամանակակից աշխարհում տնտեսության շատ ոլորտներ արդեն գտնվում են վերազգային տնտեսական միավորումների ձեռքում: Ողջ աշխարհում, այս ծայրից մինչև մյուս ծայրը, վաճառվում են նրանց ապրանքները՝ սննդամթերք, դեղորայք, սպառման առարկաներ, արտադրության միջոցներ: Ամե՛ն ինչ: Մեծ շուկաների համար նրանք կազմակերպում են ռեգիոնալ արտադրություններ, որը ինչ-որ չափով հեշտացնում է այդ ապրանքների հասանելիությունը և զսպում դրանց գնաճը, իսկ փոքր շուկաները, ինչպիսին մերն է, ստիպված են իրենք լուծել իրենց խնդիրները: Շատ ապրանքների դեպքում պատկերացնել մրցակցությունը այդպիսի արտադրությունների հետ իրական չէ ո՛չ գնային, և ո՛չ էլ որակական առումով: Հատկապես, եթե հաշվի առնենք մեր երկրում առկա տնտեսական միջավայրը, այլ տարբերակ չի մնում, քան այդ ապրանքների ներկրումը: Դա նշանակում է, որ ծագման երկրում այդ ապրանքի իրացման (լավագույն դեպքում՝ մեծածախ) գնին ավելանում են նաև տրանսպորտային, հարկատուրքային, շահութային բաղադրիչները: Կան նաև մի խումբ այլ ապրանքներ, որոնց ներմուծումը տեղին չէ տարբեր պատճառներով, դրանք արտադրվում են տեղում ու համալրում մեր շուկան: Պետությունը ներքին շուկայում այդ ապրանքների իրացման գների, արդար մրցակցային միջավայր ձևավորելու, տեղական արտադրությունը խրախուսելու, սպառողների շահերը պաշտպանելու և այլ նպատակներով ստեղծում է մարմիններ, օժտում համապատասխան լիազորություններով և վերահսկում դրանց գործունեությունը:


Այդպիսի մի մարմին էլ Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկի պարտականությունների մեջ են մտնում ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության, այդ թվում բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության ապահովումը, գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումը, ՀՀ արտարժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումն ու կարգավորումը: Կենտրոնական բանկի գործառույթներից է նաև կառավարության բանկային սպասարկումը, որպես նրա ֆինանսական գործակալ և խորհրդատու, ինչպես նաև վարկերի տրամադրումը ՀՀ-ում գործող բանկերին: Եվ, վերջապես, ինչպես ներկայացված է ԿԲ-ի կայքում, Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է: Եթե բանկի մյուս խնդիրները հակասում են նրա կենտրոնական խնդրին, ապա ԿԲ-ն առաջնություն է տալիս հիմնական խնդրին:


Անդրադառնանք ԿԲ-ի հիմնական գործառույթին՝ գների կայունության ապահովմանը: Ի՞նչ գործիքներ ունի Կենտրոնական բանկը իր այդ հիմնական գործառույթն իրականացնելու համար: Դա սեփական արժույթի, դրամի գնի փոփոխությունն է: Եթե ապրանքները թանկանում են, ապա ԿԲ-ն նախ սահմանում է դրամ-դոլար նոր փոխարժեք, համեմատաբար թանկ դրամով, միաժամանակ, եթե դրա կարիքն առաջանում է, վաճառքի է հանում արտարժույթի խմբաքանակ՝ սահմանելով նաև փոխանակման կետերում դրամի և արտարժույթի փոխանակման ներքին-վերին սահմաններ՝ առքի և վաճառքի գները: Սրա արդյունքում բարձրանում է արտարժույթի մատչելիությունը, իսկ գինը իջնում, ասել է թե` դրամը թանկանում է: Այս հնարքը կիրառվում է միայն դոլարի նկատմամբ, իսկ մեր շուկայում շրջանառվող մյուս արտարժույթների արժեքային փոխհարաբերությունը կարգավորվում է դոլարի և այդ արտարժույթների՝ դրսում գործող հարաբերությունը մեխանիկորեն բերելով մեզ մոտ: Արդյունքում՝ ներկրվող և տեղում արտադրվող ապրանքների գների դրամական համարժեքը իջնում է: Տեսականորեն և անմիջապես: ԿԲ-ն ունի նաև այլ միջնորդավորված գործիքներ, որոնց իրական ազդեցությունը ապրանքների գների վրա մեր շուկայում պարզապես թվացյալ է: Ի՞նչ կարող է կատարվել իրականում: Առաջին ակնհայտ անհամապատասխանությունը, որ պարբերաբար նկատում ենք շուկայի արձագանքում՝ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցներին, այն է, որ դեռ որոշակի ժամանակահատվածում պահպանվում են հին գները, տվյալ դեպքում՝ բարձր, այն պատճառաբանությամբ, որ ապրանքը ձեռք էր բերվել (արտադրվել) բարձր գնով (դոլարային համարժեքով) և ցածր գնով վաճառելու դեպքում անխուսափելի են վնասները: Որևէ մեխանիզմ չկա (չի ստեղծված, և այդպիսի նպատակ էլ չի դրված), որը կարող է հետևել, հսկել դրա ճշմարտացիությունը, անգամ հավաստի լինելու պարագայում որոշակիացնել այն ժամանակային միջակայքը, որը գերազանցել չի կարելի, հաշվի առնելով, ասենք, ապրանքաշրջանառության դինամիկան:

Անգամ եթե այդպես էլ է, և գործարարը ներկրել է տվյալ ապրանքի մեծ խմբաքանակ, ապա դա հիմք չպիտի դառնա նրա վնասները ժողովրդի գրպանից վճարելու: Երկրորդ հանգամանքը, որը չի ենթարկվում ԿԲ-ի քայլերի տրամաբանությանը, մեր տնտեսական իրականությունն է: Գիտենք, որ մեր տնտեսությունը մենաշնորհների «բազար» է, ուր չեն աշխատում իրական շուկայական գործիքները: Որևէ ապրանքի ներկրողը եթե մեկը չէ, ապա ոչ ավելի, քան երկուսը-երեքն են, և նրանց առաջարկած գները ոչ թե Կենտրոնական բանկի գործողություններին են ենթարկվում, այլ փոխադարձ համաձայնության տրամաբանությանը: Այդ գները, որոշ ապրանքների դեպքում, կարող են մի քանի անգամ գերազանցել այն խելամիտ սահմանը, որը կառաջարկեր բարեխիղճ գործարարը, ապահովելով թե՛ իր ապրանքաշրջանառությունն ու հարմարավետ շահույթը, թե՛ հարկերի անմնացորդ վճարումը: Կարո՞ղ եք ասել` ո՞րն է ԿԲ-ի դերն այստեղ, և ի՞նչ արժե այդ ապրանքի գինը կայուն պահելուն կոչված նրա աշխատանքը:
Մյուս կողմից, կարծես թե, մենք ունենք այնպիսի մարմին, որը պիտի կատարեր շուկայի ուսումնասիրություն, հակամենաշնորհային աշխատանք, գների կարգավորում և այլն: Մի խոսքով` ՏՄՊՀ: Այլ հարց է, թե այս մարմինն ընդհանրապես կատարո՞ւմ է իր ֆունկցիաները, թե՞ ոչ: Պակաս կարևոր օղակ չէ հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովը, որի «ոչ մասնագիտական» որոշումների արդյունքում հանրային ծառայությունների սակագների բարձրացումից հետո շղթայական ռեակցիայով սկսում են բարձրանալ բոլոր ապրանքների գները, հատկապես առաջին անհրաժեշտության: «Մեր շուկան» միշտ պատրաստ է դրան: Ի՞նչ է անում ԿԲ-ն այս դեպքում:


Առաջին հետևությունը սա է. մեր կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու իր կարևորագույն խնդրից հետո ամենամեծ սոցիալական նշանակություն ունեցող ոլորտը՝ ապրանքների, ծառայությունների գների, հանրային ծառայությունների սակագների ձևավորումն ու վերահսկողությունը, վերապահել է երեք տարբեր օղակների, որոնք, անկախ երկրում ստեղծված վիճակից, այդ գործը չեն կատարում այնպես, որ դրանից օգտվի ժողովուրդը: Ընդհակառակը, դրանց գործունեության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում ժողովրդի հարստահարումը: Եթե անգամ այդ օղակներից յուրաքանչյուրը ազնվորեն կատարեր իր գործը, ցանկալի արդյունք երաշխավորել հնարավոր չէ, քանի որ այդ երեք օղակները համակարգող չկա: Իշխանությունները ստեղծել են այդ օղակները կառավարության բեռը թեթևացնելու, նաև այդ գործառույթներում ներգրավված մարմինների անկախությունը մեծացնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մտադրությամբ: Բայց մենք հո գիտենք, թե այդ կառույցները որքան խոցելի են մեզանում: Ի՞նչ արժեն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնավորումները ներկրվող ապրանքների բարձրացած գների վերաբերյալ: Այդ հաստատությունը կարծես մեր օլիգարխիայի վարձած գործակալը լինի, որը ժողովրդից պաշտպանում է նրանց: Նույն կերպ կարելի է բնութագրել նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը: Սակայն վերադառնաք ԿԲ-ին:


Երկրորդ հետևությունը: Կենտրոնական բանկի հիմնական գործառույթը, այն է՝ ապահովել գների կայունությունը, ձախողված է: Այն ձախողված է եղել ի սկզբանե: Եթե հաշվի առնենք, որ ըստ ԿԲ-ի՝ իր գործունեության մյուս ոլորտները ստորադասվում են հիմնական խնդրին, ապա հարց է առաջանում՝ ձախողելով գլխավորում, ի՞նչ և ինչպե՞ս է հաջողելու այն մնացած ոլորտներում:


Բնակչության համար կարևորություն ունեցող մյուս գործառույթը, որ գտնվում է Կենտրոնական բանկի գործունեության տիրույթում, վարկային քաղաքականությունն է: Ինչպիսի՞ հաջողություններ ունի ԿԲ-ն այս ոլորտում որպես վերջին ատյանի վարկատու: Վարկեր տրամադրելով բանկերին` արդյո՞ք այն հետևում է դրանց ճակատագրին կամ, այլ կերպ ասած, այդ դրամական միջոցները բանկերին տրամադրելիս ժողովրդի շահերից բխող որևէ պայման ԿԲ-ն դնո՞ւմ է նրանց առջև, թե՞ նրանք լրիվ ազատ են իրենց հետագա գործողություններում: Հավանաբար ոչ մի այդպիսի պայման էլ չի դրվում: Այն պարզ պատճառով, որ այդպիսի պահանջ դնողն ինքը սկզբում կսահմաներ վերաֆինանսավորման ամենացածր տոկոսադրույքը: Իսկ այդ գումարներն ստացող և տնօրինող բանկերի համար էլ կմտածեր նրանց ախորժակը զսպող մեխանիզմ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին այդքան բարձր տոկոսադրույքներ չսահմանեին բնակչությանը գումարներ տրամադրելիս: Հակառակ պարագայում, եթե վերադառնանք ԿԲ-ի հիմնական գործառույթին՝ գների կայունության ապահովմանը, ապա բացարձակ անվերահսկելի է դառնում այն գործարարը, որը գերբարձր փողերով տնտեսական գործունեություն իրականացնելիս սահմանում է իր ներկրած կամ արտադրած ապրանքի գինը: Նկատի ունեցեք՝ անգամ բարեխիղճ գործարարը: Սա այն դեպքում, եթե դեռ կարելի է, հնարավոր է կազմակերպել որևէ տնտեսական գործունեություն: Իսկ իրական վիճակն այն է, որ ողջ գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պարտատիրոջ կարգավիճակում է, բնակչության գերակշիռ մասը, անգամ որևէ կապ չունենալով գործարարության հետ, պարզապես օրախնդիր հարցեր լուծելու անհրաժեշտությունից դրդված հայտնվել է բանկերի թակարդներում և՝ անվերադարձ: Գրավի դիմաց վարկեր տրամադրելու պատրաստ բանկերը քաղաքացու ունեցվածքը գնահատում են անկարելիից էլ ցածր` իրենց ծառայության համար սահմանելով գործնականում անհաղթահարելի տոկոսադրույքներ: Արդյունքում ժողովրդի ունեցվածքը և այն, ինչ հասցնում են աշխատել, դանդաղորեն, բայց հաստատ հոսում է դեպի երկրիս բանկերը: Վկան՝ բանկերին անցած ժողովրդի գույքի աճուրդների հսկայական ցուցակները: Կենտրոնական բանկն այս ամենից անտեղյա՞կ է: Երկրի իշխանություններն անտեղյա՞կ են: Չէ՞ որ, վերջին հաշվով, սա ոչ թե այսրոպեական խնդիր է, այլ համապետական նշանակության ռազմավարական խնդիր, որում տանուլ տալ չի կարելի: Սրա գիտակցումն ումի՞ց սպասել՝ Կենտրոնական բանկի՞ց, թե՞ երկրի իշխանություններից: Եվ՝ ե՞րբ սպասել:
ԿԲ-ն ունի հսկա կառուցվածք, տարբեր վարչություններ, վերլուծական կենտրոններ, ՊԵԿ-ի նման Դիլիջանում կառուցել է ուսումնական կենտրոն (ճիշտ է, դեռ չգիտենք, թե այս դեպքում որքան գումար են ծախսել), որտեղ, եթե հավատանք, իրենց տարաբնույթ գիտաժողովներն են անցկացնում, քաղաքականություն մշակում և այլն: Ո՞Ւմ համար են դրանք, և դրանց վրա ի՞նչ գումարներ են ծախսվում: Իսկ այս ենթատեքստում դրանք որևէ արժեք ունե՞ն:


Ազգային ժողովում հաշվետվություն ներկայացնելիս այնպիսի մանրամասն, տերմինաբանորեն ծանրաբեռնված զեկույց են պատրաստում, որ հավանաբար պատգամավորների մեծ մասի մեջ խոր հավատ է առաջանում այս հաստատության սրբազան առաքելության հանդեպ: Գուցե մեկ-երկու պատգամավոր գլուխ է հանում այդ զեկույցներից, այդ էլ այն չափով, որ կպարզի՝ արդյոք գրագե՞տ է կազմված զեկուցումը, թե՞ ոչ: Այլ բան՝ տեղեկության առումով, թե հավաստի՞ են արդյոք այդ թվերը, որևէ կապ ունե՞ն մեր գորշ իրականության հետ, թե՞ պարզապես մատից են ծծված, դրանցից քաղել հնարավոր չէ: Իսկ որ դրանք մեր իրականության հետ կապ չունեն, առանց այդ զեկույցներին ծանոթանալու էլ պարզ է: ԿԲ-ն ամեն ինչ անում է գերազանց, բայց մեր շուկան մնում է կատարյալ անվերահսկելի և անկանխատեսելի, նույն կերպ և մեր տնտեսությունը: Իսկ մեր կառավարության ղեկավարը գրեթե շնորհակալական ժեստով է ընդունում ԿԲ-ի ավետիսը վերաֆինանսավորման տոկոսադրույքը խնդրած կես տոկոսի փոխարեն ամբողջ մեկ տոկոսով իջեցնելու մասին: Ի միջի այլոց, նաև տոկոսների մասին:


Բանկային գործի մեծ գիտակ լինել պետք չէ հասկանալու համար, որ մեր բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքները գործ ստեղծելու համար չեն, դրանք գործը, անգամ սկսված, թաղելու համար են: Գյուղատնտեսության ոլորտի վիճակը ավելի քան խոսուն է: Անգամ այն դեպքում, երբ կառավարությունը «էժան» պարարտանյութ է ներկրում գյուղացու համար, որոշ դեպքերում սուբսիդավորում բանկի տված վարկի մեկ-երկու տոկոսը, անգամ այս դեպքում գյուղացին չի կարողանում պրծնել բանկի թակարդից: Արդյունքը՝ ունեզրկում, արտագաղթ: Իսկ ինչպիսի՞ հեռանկար կա, ասենք, որևէ արտադրություն ստեղծելու մտադրության պարագայում: Եթե մարդը չունի այդ արտադրությունը զրոյից մինչև վերադարձի կետ ֆինանսավորելու անձնական միջոցներ, բանկին դիմելու դեպքում դա նույնպես ձախողված ձեռնարկ է: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ անգամ տարեկան տասներկու տոկոսով և հինգ տարի ժամկետով տրված վարկային միջոցները մինչև վերադարձի կետը հասցնելու համար ներգրավողի վրա նստում են ոչ պակաս, քան քսան տոկոս: Եթե հաշվի առնենք, որ արտադրությունը կազմակերպելու (հիմնական միջոցների ստեղծում-ձեռքբերում, արտադրության միջոցների ձեռքբերում, կոմունիկացիաների ստեղծում, այլ ծախսեր) ծախսերը կլանում են ներգրավված միջոցների ոչ պակաս քան կեսը, ապա պարզ է դառնում, որ այդ ողջ գումարը վերադարձնելու համար տնտեսավարողը տարեկան վճարելու է արտադրության մեջ դրված գումարի քառասուն տոկոսով, իսկ բուն արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցները կկազմեն մնացած վաթսուն տոկոսը: Դրանից բացի, արդեն շրջանառության արդյունքում առաջացած միջոցներից պիտի առանձնացնել մյուս անհրաժեշտ ծախսերը՝ ամորտիզացիոն ծախսեր արտադրության համար առանձնացված գումարի տասը տոկոսի չափով, գործարարի շահույթը՝ բանկից ներգրավված գումարի քսան տոկոսի չափով, աշխատավարձ՝ համախմբված շրջանառության տասը տոկոսի չափով, հարկեր, նույն գումարից՝ մոտ երեսունհինգ տոկոսի չափով: Եթե անգամ այսքանով սահմանափակենք արտադրողի ծախսերը, կունենանք այսպիսի պատկեր. միայն արտադրության մեջ մեր գործարարի ներդրած գումարը պիտի ապահովի գրեթե եռապատիկ վերադարձելիություն, որ հնարավոր լինի կատարել թվարկված բոլոր ծախսերը և շարունակել գործը: Իսկ մեզ մոտ կա՞ այդպիսի բիզնես, որը չի գտնվում տանիքի տակ և կարող է այդպիսի վերադարձելիություն ապահովել: Եվ սա ընդամենը տասներկու տոկոս տոկոսադրույքի դեպքում: Իսկ եթե այդ տոկոսադրույքը դարձնենք քսան և ավելի՞ն, որը շատ ավելի հավանական է մեր իրականության մեջ:


Ի՞նչ հարց կարող է առաջանալ: Այս պարզ թվաբանությունը ԿԲ-ում կատարող մեկը չկա՞, որ հասկանա իր վարած քաղաքականության հնարավոր հետևանքները: Իհա՛րկե կա: Իհարկե կատարում են և այլ տեսանկյունից, այնպիսի՛ տեսանկյունից, որ լիուլի բավարարվում են «հետևանքներով»:
Ի՞նչ հետևություններ կարող ենք անել: Առաջին ակնհայտ հետևությունն այն է, որ ԿԲ-ն ոչ միայն ճիշտ դրամավարկային քաղաքականություն չի իրականացնում, այլև գիտակցաբար իր գործունեությամբ երկրում ստեղծել է ոչ տնտեսական միջավայր, որտեղ որևէ արտադրություն կազմակերպելու հնարավորություն, եթե քաղաքացին այդ միջոցները չունի և պիտի դիմի բանկերին, չլինի: Իսկ եթե քաղաքացին այդ միջոցները (այս դեպքում՝ գուցե դժբախտաբար) ունի և փորձում է, բոլորին հակառակ, ինչ-որ բան ստեղծել, ապա նա կհանդիպի եկամուտների կոմիտեի հարկային, մաքսային ծառայողների անխնա, անողոք թալանին: Սրանցով են պայմանավորված ժողովրդի աստիճանական ունեզրկումը հատկապես վերջին տասը տարիներին, գործարարների զանգվածային սնանկացումները, գործազրկության, աղքատության աննախադեպ բարձր աճը, արտագաղթը, սոցիալական անզորության մեջ հայտնված մարդկանց հոգեկերտվածքի խեղումները, հասարակությունից իրենց օտարման՝ ծայրահեղ միջոցների ընտրությունը նրանց կողմից:


Երկրորդ, ոչ պակաս կարևոր հետևությունն այն է, որ գործող իշխանությունները, կառավարությունը, եթե չկասկածենք նրանց ազնվության և գործունեության բացառապես ազգանվեր բնույթի վրա, չեն տիրապետում իրավիճակին, եթե ունեն վերահսկողության լծակներ, չեն օգտագործում դրանք, եթե չունեն՝ դրանց ստեղծման անհրաժեշտությունը չեն զգում և այդպիսի պահանջ չեն դնում: Չէ՞ որ բոլոր միջոցները, որոնք տրվում են ԿԲ-ին ի տնօրինման, ձեռք են բերվում կառավարության կողմից և կառավարության պատասխանատվությամբ, և ԿԲ-ի գործունեության արդյունքն էլ ծառայելու է կառավարության քաղաքականությանն ու նպատակներին: ԿԲ-ն ինքը չի վերապահել իրեն իր գործունեության գլխավոր նպատակները, այն երկրի գործադիր, օրենսդիր իշխանությունների համատեղ նպատակների իրականացման գործիք է: Իսկ եթե մեզ թույլ տանք կասկածե՞լ իշխանությունների կողմից Կենտրոնական բանկի վերահսկողության ոչ ձևականության վրա: Չէ՞ որ ունենք դրա իրավունքը: Կարո՞ղ եք պատկերացնել այն հետևությունները, որ կարելի է անել այս դեպքում: Եվ մեր այսքան տարիների փորձը՝ ԿԲ-ի նկատմամբ մեր բարձրագույն իշխանությունների վերաբերմունքի առումով, լիուլի հիմքեր է տալիս այդպիսի կասկածների համար:


Երրորդ հետևությունը, որպես հաստատումն ԿԲ-ի արդար գործունեությանը չհավատալու մեր իրավունքի, այն է, որ ձախողելով իր հիմնական խնդիրների կատարումը, ԿԲ-ն ակտիվորեն մասնակցում է բնակչության խնայողությունները, այնուհետև արդեն արտագնա աշխատանքով վաստակած միջոցները ժողովրդի ձեռքից առնելու գործընթացին: Իհարկե այդ գործում մեծ չափով շահում են նաև մյուս բանկերը, բայց այդ ամենը կատարվում է Կենտրոնական բանկի անմիջական ղեկավարությամբ, չէ՞ որ ԿԲ-ն է որոշում արտարժույթի և մեր արժույթի փոխանակման կուրսը: Ամեն օր և ամենայն հաշվենկատությամբ: Փողի փոխանակման շուկան կառավարելու նպատակով արվող բոլոր ֆինանսական ներարկումները կատարվում են այդ ենթատեքստով, ոչ թե գների կայունությունն ապահովելու: Իսկ հնարավո՞ր է ԿԲ գործողությունների այսպիսի ազատություն, առանց իշխանությունների թույլտվության, անգամ եթե թույլ տանք մեզ ենթադրել, քաջալերման: Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Կենտրոնական բանկը լավագույնս ծառայել է օրվա իշխանություններին: Այնուհետև իր վարչապետության տարիներին նա բոլոր հնարավորություններն օգտագործեց «կայացած բանկային համակարգ» ստեղծելու համար՝ դրա համար օգտագործելով, իր տերմինաբանությամբ ասած, տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը: Մեր ԿԲ-ն վերջին տասնհինգ տարիների ընթացքում կենտրոնացել է մեկ նպատակի վրա` բոլոր ֆինանսական հոսքերն ուղղորդել բանկեր և դրանց միջոցով՝ ԿԲ: Իսկ Կենտրոնական բանկում տարբեր արտաբյուջետային հաշիվների տակ կուտակվում են արդեն «մաքուր», լվացված փողերը:


Մի խոսքով ԿԲ-ն, ինչպես և իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մյուս գործիքները, որոնք կոչված են տնտեսական հարաբերությունները կարգավորելուն և բարելավելուն, վերածվել են այդ հարաբերությունները խաթարող կամ բացառող գործիքի:


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ